Երկար տարիներ աշխատում է երեխաների հետ: Մանկուց տիրապետելով տարբեր երաժշտական գործիքներ` դաշնամուր, կիթառ, ջութակ, նվագում էր զանազան վոկալ գործիքային խմբերում, ստեղծում նման խմբեր, նույնիսկ` բանակում ծառայելու ժամանակ, իսկ Խորհրդային բանակից վերադառնալուց անմիջապես հետո 1981թ.հիմնադրեց և ղեկավարեց “Առվակ” վոկալ-գործիքային մանկական անսամբլը, որը շուտով դարձավ “Հայհամերգի” կոլլեկտիվը, այն առանձնանում էր ակտիվ համերգային կյանքով: Խումբը հաճախ էին հրավիրում Մոսկվա Կենտրոնական հեռուստատեսության մանկական նախագծերում նկարահանվելու: “Առվակը” Պետական Ռադիոկոմիտեում ամեն կիրակի ուներ ձայնագրության երկու ժամ Ոսկե ֆոնդի համար: Այդ տարիներին ձայնագրած բոլոր ստեղծագործությունները Արմեն Դիվանյանի գործիքավորած երգերն էին:Մանկական երգերի ընտրության, կատարման, գործիքավորման հարցում խիստ սկզբունքային է.
ա/պետք է լինի երեխայի գեղագիտությանն ու տարիքին համապատասխան, լինի շատ ժամանակակից , միշտ պահպանի թարմ հնչողությունը,
բ/ծրագրում պարտադիր են հայկական ժողովրդական մանկական երգերը ամենատարբեր դրսևորումներով`էթնիկ, մշակած, բազմաձայն և նույնիսկ փոփ-ֆոլք և ջազ-ֆոլք,
գ/կարևորում է երգերի գործիքավորումների շատ բարձր որակն ու բազմազանությունը, և եթե նույնիսկ պատվիրում է դրանք այլ գործիքավորողների, նրանց աշխատանքի ընթացքում նկատվում է Դիվանյանի ակտիվ միջամտությունը, որ պահպանվի անսամբլի երաժշտական ընդհանուր ձեռագիրը,
դ/մանկական անսամբլի կատարումները չպետք է լինեն սիրողական մակարդակով, քանի որ երեխաները նույնպես կարող են ապահովել պրոֆեսիոնալ կատարումներ:
1996թ.Արմեն Դիվանյանը հրավիրվեց ղեկավարելու Ազգային Ռադիոյի պետական “Արևիկ” մանկապատանեկան անսամբլը: Ղեկավարման հենց առաջին օրվանից խումբը ստացավ նոր ոճ ու ձեռագիր: Այն ավելի հանրահայտ դարձավ հաճախակի ելույթների շնորհիվ: 1997 և 2002թվականներին նշեց խմբի 20 և 25ամյա հոբելյանները համերագային և հեռուստատեսային նախագծերով` հրավիրելով խմբի հետ նախկինում աշխատած բոլոր մասնագետներին, ղեկավար Ռոբերտ Պետրոսյանին, անսամբլի նախկին սաներին: 1997թվականին նախաձեռնեց նոր մանկական երաժշտական ծրագիր Հանրային հեռուստատեսությամբ:
2001թվականին Ազգային Ռադիոն վերանվանվեց Հանրայինի, մի շարք ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվեցին ռադիոյի պետական երաժշտական կոլլեկտիվները: Չդադարեցնելով “Արևիկ” ասնաբլի գործունեությունը, ստեղծեց “Արևիկ դիեզ” ՍՊԸ և շարունակեց ղեկավարել այս խումբը արդեն մասնավոր հիմունքներով: Ավելացան առարկաները, մանկավարժները: Խմբի ներսում ձևավորվեցին նաև ուսումնական նախապատրաստական խմբեր, որոնք ապահովում էին սերնդափոխությունը: Դիվանյանը ստեղծեց նաև խմբի գործունեությունը լուսաբանող www.arevik.net ինտերնետային կայքը:
Մանկագիր հեղինակներին ոգևորելու նպատակով 2001թ. Արմեն Դիվանյանը ստեղծեց ստեղծագործական մրցույթ-փառատոն, որն իրականացվում է առ այսօր: Մրցույթի շրջանակներում հեղինակները ստանում են դրամական մրցանակներ, իսկ խմբի ծրագիրը անընդհատ հարստանում է:1999-2010թթ. թողարկել և հրատարակել է նոտաների ժողովածուներ, մանկական երգերի ձայնասկավառակներ և տեսասկավառակներ:
Նա համագործակցում է Հայաստանի լավագույն կոմպոզիտորների, սկսնակ երգահանների, գործիքավորողների, հնչյունային ռեժիսորների հետ:
2004-2009թթ. անսամբլը հրավիրվեց Լիբանան, ԱՄՆ, Կիպրոս, Բուլղարիա, Ռուսաստան, իսկ 2007թ. Նիդեռլադներում, Ռոտերդամ քաղաքում Արմեն Դիվանյանի սաները առաջին անգամ ներկայացրեցին Հայաստանը Մանկական Եվրատեսիլում և աղմկալի հաջողություն ունեցան: 2007թ. հունիսին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնեց պատվոգիր մատաղ սերնդի դաստիարակման գործում տարիների ունեցած իր ավանդի համար, իսկ 2007թ. դեկտեմբերին Եվրատեսիլում գրաված երկրորդ տեղի համար`պատվոգիր- շնորհակալագիր:
Մանկական երաժշտության բնագավառում այս երեսուն տարիների ընթացքում մշակել է իր ձեռագիրը և փոքրերի հետ աշխատելու իր յուրատեսակ դպրոցը, որն առանձանում է գունեղ, լուսավոր երանգներով:
2009թ. մարտ ամսից, շարունակելով “Արևիկ դիեզ” ՍՊԸ-ի գործունեությունը, նա վերանվանեց իր ղեկավարած “Արևիկ” անսամբլը “Արևներ”, քանի որ Հանրային Ռադիոյում ստեղծվեց “Արևիկ” անունը կրող նոր պետական խումբ: “Արևներում” շարունակում են դասավանդել Արմեն Դիվանյանի հրավիրած պրոֆեսիոնալ մասնագետները և ապահովել խմբի արդեն ձևավորված ձեռագիրն ու որակը: